Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանն առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացնելու հարցը, այս մասին իր աղբյուրներին հղում անելով գրում է Bloomberg-ը:
Թերթը գրում է, որ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարություններից առայժմ մեկնաբանություն չեն ստացել:
Նախոր շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդեց, որ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում: Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:
Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք հայ-թուրքական սահմանի բացում ունենալ:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր՝ երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, Թուրքիան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ.
«Եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում», - Anadolu-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆիդանը։
Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել:
Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ: