Մատչելիության հղումներ

«Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկվել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմից


«Իր բոլոր գործողություններով արել է պատերազմի վերսկսումը սադրելու քայլեր»


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Լևոն Զուրաբյանը հայտարարում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019-ին ներկայացրած փաստաթուղթը 1997-ի փուլային տարբերակից ի վեր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման լավագույն առաջարկն էր, ինչից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է կառչեր:

«Ես չգիտեմ՝ այստեղ թերությունը որն է, այսինքն՝ ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան, ընդ որում 2 անգամ՝ մի անգամ ապրիլին 19 թվականի, մյուս անգամ արդեն հունիսին, և ուղղակի չընդգրկվել այս բանակցությունների մեջ ամբողջ սրտով, եռանդով, ջերմեռանդությամբ, որպեսզի մենք ստանայինք այս երանելի խաղաղությունը», - այսօր ասաց Զուրաբյանը:

Օրերս կառավարության կայքում հրապարակված բանակցային փաստաթղթերին ծանոթանալուց հետո ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի հետևից հայտարարում են՝ 2019-ի փաթեթը բարենպաստ առաջարկ էր, որն առաջին փուլով ենթադրում էր միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին, համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղին կյանքի լիարժեք կազմակերպման անհրաժեշտ իրավունքների տրամադրում: Կարգավիճակի հարցը կթողնեին հետագայի համար, երբ կողմերը կհամաձայնեցնեին հանրաքվեի անցկացումը:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Զուրաբյանը կարծում է՝ առաջին փուլի իրագործումից հետո կողմերը հանրաքվեի հարցում համաձայնության չէին գա, և Արցախը կմնար հայկական հսկողության ներքո ու անվտանգության երաշխիքներ կունենար:

«Ամբողջ իրականացումը խաղաղության պլանի կավարտվեր առաջին փուլի իրականացմամբ, ինչը նշանակում է, որ Հայաստանը և Արցախը լեգիտիմորեն կպահպանեին վերահսկողությունն ամբողջ Արցախի վրա, գումարած Քելբաջարն ու Լաչինը, ընդ որում երաշխավորված խաղաղության պայմաններում», - նշեց նա:

Առաջին նախագահի նախկին խոսնակը պնդում է՝ իշխանությունները պետք է «վազելով գնային այս փաստաթղթի շուրջ բանակցելու»:

Իսկ ի՞նչ է արել պաշտոնական Երևանն այս առաջարկները ստանալուց հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե այս փաստաթուղթը բանակցային սեղմագիրն է, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նախօրեին հայտարարեց՝ հայկական կողմը դրան պաշտոնապես չի արձագանքել, որովհետև գնահատման փուլում է եղել:

«Հայաստանը ստանում է այդ առաջարկները 2019 թվականի ապրիլին և հունիսին և մինչև ընդհուպ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ու Ղարաբաղի վրա, գտնվում է գնահատման փուլի մեջ: Չպատասխանելն ամենասարսափելի ընտրությունն էր, չպատասխանելը բերեց պատերազմը, լեգիտիմացրեց այդ պատերազմն ամբողջ միջազգային հանրության աչքերում, որովհետև Ադրբեջանն ասում է՝ այս մարդը չի ուզում բանակցել», - շեշտեց Կոնգրեսի փոխնախագահը:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն այս առաջարկին արձագանքել է իր գործողություններով, փաստաթուղթը ստանալուց ընդամենը երկու ամիս անց Ստեփանակերտում արված հայտնի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունից մինչև 44-օրյա պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ Սևրի պայմանագրի 100-ամյակի առթիվ գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսք ու հայտարարություն, թե այն պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում է:

«Այսինքն՝ այս մարդը, էլ չեմ խոսում բանակցությունները զրոյից սկսելու իր հայտարարության մասին, պահպանել է դիվանագիտական լռությունը, ոչ մի բան չի ասել, բայց իր բոլոր գործողություններով արել է պատերազմի վերսկսումը սադրելու քայլեր, մի քայլ չկա, որ արած չլիներ», - նշեց Զուրաբյանը:

Մարուքյանը պնդում է՝ իրենց չեն տեղեկացրել փաստաթղթի մասին



Այդ շրջանում Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Էդմոն Մարուքյանն էլ պնդում է՝ 2019-ի այս փաստաթուղթը բոլորից թաքցրել են. ««Բարգավաճ Հայաստան» ֆրակցիա է եղել, «Լուսավոր Հայաստան» ֆրակցիա, «Իմ քայլը» դաշինք ֆրակցիա. երեք ֆրակցիաները բացարձակապես տեղյակ չեն եղել, որ այպիսի պլան է ներկայացվել, այսինքն՝ Նիկոլն՝ անձամբ ինքն, ու իր արտգործնախարարը, մեկ էլ կարող է մի երկու հոգի մարդ է իմացել, չգիտեմ, բայց ոչ ոք չի իմացել, որ այսպիսի բան կա։ Մինչև այս տարի իրենք բոլորը հերքել են:

Ես հետո՝ 22 թվականից 24 թվականը այս խաղաղության բանակցությունների մեջ ներգրավված եմ չէ՞ եղել։ Այդտեղ էլ ոչ մեկը չի իմացել, որ այսպիսի պլան կա, ոչ մեկս, ոչ մեկը չի տեսել սա»։

Իր հերթական ուղիղ եթերի ընթացքում նախկին պատգամավորը պնդեց, որ հենց այդ շրջանում վարչապետ Փաշինյանին ու արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին իրենց խմբակցություն է հրավիրել ու ուղիղ հարցրել՝ սեղանին թուղթ կա՞:

«Եկել են, սուրճ ենք խմել, խոսել ենք, հենց այն ժամանակ, որ սեղանի վրա դրված է եղել այս թուղթը հրապարակման ժամանակ, և իրենք ասել են՝ չկա, թուղթ չկա, և բերել են պատերազմ», - ասաց Մարուքյանը։

Իշխանություններն իրենց հասցեին մեղադրանքներին ի պատասխան՝ հայտարարում են, թե բանակցային ամբողջ պատմության ընթացքում չի եղել մի տարբերակ, որով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չէր լինի: Վարչապետ Փաշինյանի հռետորաբանության մեջ վերջին շրջանում ևս մեկ պնդում ավելացավ, թե Ղարաբաղի հարցը «Հայաստանի վզին թոկ է եղել»: Այսօր էլ նա հայտարարեց՝ իրենք բանակցություններից երբեք չեն հրաժարվել, բանակցել են այդ ժամանակ իրենց ունեցած պատկերացումներին համապատասխան:


Վարչապետի արդեն հինգ տարի հնչող գնահատականներից հետո ընդդիմադիրներն այժմ պնդում են՝ եթե Երևանը համաձայներ 2019-ին բանակցային սեղանին դրված առաջարկներին, հազարավոր տղաներ չէին զոհվի, Արցախը չէր հայաթափվի, Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքները չէր օկուպացնի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG