Ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման երկխոսությունը. Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը, Վիեննայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանն ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը», - նշել է նախարարը։

Նախորդ շաբաթ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք հայ-թուրքական սահմանի բացում ունենալ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ հայտարարել էր՝ երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, Անկարան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Միրզոյանը հիշատակել է նաև վաշինգտոնյան պայմանավորվածությունները ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հետ՝ նշելով, որ այդ հանդիպումը նաև իրական հնարավորությունների պատուհան է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Bloomberg. Թուրքիան ծանրութեթև է անում ՀՀ-ի հետ ցամաքային սահմանն առաջիկա 6 ամիսների ընթացքում վերաբացելու հարցը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք կակտիվացնենք աշխատանքներն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին». Կոս