Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին դատարանը կքննարկի Բագրատ սրբազանի մասնակցել-չմասնակցելու հարցը

Դեկտեմբերի 10-12-ը կայանալիք Մայր Աթոռի եպիսկոպոսաց ժողովին Բագրատ սրբազանի մասնակցել-չմասնակցելու հարցը դատարանը կքննարկի հենց ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին:

Այսօր այսպիսի միջնորդություն դատարան ներկայացրին բարձրաստիճան եկեղեցականի փաստաբանները: Նրանք միջնորդեցին Բագրատ արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել այնպիսի խափանման միջոց, որ նա դեկտեմբերի այդ օրերին կարողանա լինել Մայր Աթոռում և մասնակցել եկեղեցական իրադարձությանը:

«Ցանկացած միջոց, որը դատարանի համար ընդունելի կլինի ապահովելու Բագրատ սրբազանի մասնակցությունը եպիսկոպոսաց ժողովին, նույնիսկ, եթե Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ թույլ կտրվի վերադառնալ կալանավայր ժողովին մասնակցելուց հետո, միջնորդում ենք, որպեսզի խափանման միջոցը փոխվի, վերացվի և պատրաստ ենք կալանքը փոխելու պարագայում նաև գրավ միջնորդել մինչև 3 միլիոն 800 հազար դրամի չափով»,- դատարանում այս մասին ասաց Բագրատ սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում

Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին օրերս հայտնի դարձավ, որ եկեղեցական ժողով տեղի կունենա, որի օրակարգը դեռ հայտնի չէ:

Դատարանը փաստաբանների միջնորդությունը քննարկելու համար փոխեց նախապես նշանակված դատական նիստի օրը: Այն կայանալու էր դեկտեմբերի 11-ին, մինչդեռ դատավորը որոշեց Բագրատ սրբազանի խափանման միջոցի հարցը երկու օր շուտ՝ եպիսկոպոսաց ժողովի նախօրեին քննարկել:

Այսօր դատարանը նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երեք ամսով: Բագրատ սրբազանի գործով՝ ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով մեղադրվող պատգամավորը հուլիսի 8-ից երեք ամիս բանտում է անցկացրել, ևս երկու ամիս՝ տնային կալանքի տակ: Մինչև մարտի 8-ը Արթուր Սարգսյանը նաև հեռախոսային ծառայություններից ու հաղորդակցության այլ միջոցներից օգտվելու հնարավորություն չի ունենա: Պաշտպաններն այսօր միջնորդեցին բացի ընտանիքի անդամներից ու պաշտպաններից թույլատրել շփումը նաև մերձավոր ազգականների ու խորհրդարանի պատգամավորների հետ, բայց դատարանը մերժեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծեծկռտուք ԱԺ-ում. ՔՊ-ն կողմ քվեարկեց ընդդիմադիր պատգամավորին կալանավորելուն

Հինգ ամիս առաջ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությունները խորհրդարանում լարված իրավիճակ էին ստեղծել: Գործն անգամ ծեծկռտուքի հասավ այն բանից հետո, երբ ծանր մեղադրանքի առաջ կանգնած պատգամավորը ելույթից հետո փորձեց դուրս գալ դահլիճից՝ հայտարարելով, թե անիմաստ ժամանակ է անցկացնում այդտեղ:

«Արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխեիությունն էլ կա, ես այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, ես որոշել եմ՝ կգնամ իմ անչափահաս չորս երեխաների, իմ տիկնոջ հետ կգնամ եկեղեցի մոմ կվառեմ և կգնամ Քննչական», - հայտարարել էր Արթուր Սարգսյանը:

Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները լեզվակռվից անցել էին բռունցքների: ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը սեռական բնույթի հայհոյանքով սպառնում էր պոկել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի վիզը, հայհոյանքներ ու ջրով շշեր էին շպրտում աջուձախ:
Ի վերջո, ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու թույլտվությունից հետո նա կալանավորվեց: Այսօր Արթուր Սարգսյանն ասաց՝ կալանքը տնային կալանքով փոխելուց հետո՝ իր կյանքում, ասես, ոչինչ չի փոխվել:

«Իհարկե, ուրախացել են իմ 85 և 78 տարեկան ծնողները, շատ-շատ ուրախացել են իմ երեխաները, կինը, իմ ընկերները: Բայց, անկեղծ, իմ կյանքում ոչինչ չի փոխվել, որովհետև առաջին օրվանից ասել ենք՝ մենք ընդհանրապես այստեղ ի՞նչ գործ ունենք, խնդիրը արդարությունն է: Ի սկզբանե մենք ասել ենք՝ այս մարդիկ, այս 18 հոգին, որ այստեղ գտնվում են, այս գործի հետ ընդհանրապես աղերս չունեն, այս գործն ընդհանրապես փուչիկ է և արդարության հետ ընդհանրապես կապ չունի», - ասաց Սարգսյանը:

Այս պահին Գալստանյանի գործով 18 մեղադրյալներից 3-ն են գտնվում բանտում, չորսը՝ տնային կալանքի տակ: Մյուսները ազատության մեջ են: