Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը հետևած՝ ընդդիմադիր թևի վերադասավորումներից հետո այսօր Գյումրիի ավագանու առաջին նիստն էր: Նախորդը չկայացավ, քանի որ քվորում չկար՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով չէր եկել, իսկ ընդդիմադիրներից ոմանք կալանավորված էին:
Կոռուպցիայի համար մեղադրվող քաղաքապետի բանտարկությունից հետո «Կոմկուս» խմբակցության չորս անդամ մանդատից հրաժարվեց, նրանց փոխարինեցին հաջորդական համարները, ու այդպես Գյումրիի ավագանիում մեծամասնություն մնացին ընդդիմադիր ուժերը: Այսօր արդեն Վարդան Ղուկասյանին փոխարինող փոխքաղաքապետ փեսան՝ Ավետիս Առաքելյանն ասաց՝ առայժմ ոչ ավագանու, ոչ էլ գործադիրի կողմից խոչընդոտներ չի տեսնում, բայց չի բացառում, որ իր անձի շուրջ զարգացումներ լինեն:
«Մենք է խոչընդոտներին միշտ դիմակայել ենք և առաջ ենք գնում: Ընդհանուր գործընթացը, ինչ-որ թիրախային, ասեմ, խոչընդոտներ էս պահին չի նկատվի: Կարող է, ինչ-որ, իմ անձի հետ կապված հայտարարություններ լինեն, ինչ-որ բաներ ասեն, կտեսնենք, էլի: Ամեն ինչի էլ սպասում ենք, ամեն ինչի էլ սպասում ենք, ամեն ինչի էլ պատրաստ ենք, ոչ մի խնդիր չունենք», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Առաքելյանը:
Իսկ ավագանու նիստում հարցերն այսօր բավականին թեժ մթնոլորտում քննարկվեցին: Համայնքապետարանը որոշել է սուբվենցիոն ծրագրով նորոգել Գյումրիի Սպիտակ հիվանդանոցը, որը դեռ նախորդ ավագանին աճուրդի էր հանել, բայց այդպես էլ գնորդ չգտնվեց:
ՔՊ խմբակցությունից Քնարիկ Հարությունյանը մտահոգված էր, թե հնարավոր է՝ շենքը հիմնանորոգումից հետո ինչ-որ ճանապարհով հայտնվի ինչ-որ մեկի ձեռքում, հիշեցրեց նախկին ու ներկայիս համայնքապետերի կողմից օտարված համայնքային գույքերը քաղաքին վերադարձնելու դատական գործը:
«Ու փարատեք իմ կասկածները, որ հաջորդիվ, օրինակ, այդ շենքը չի կարող վերակառուցվելուց հետո այս կամ այն ճանապարհով անցնել ինչ-որ մի պաշտոնյայի, որովհետև մենք նախկինում այդ դառը փորձը ունեցել ենք», - ասաց Հարությունյանը:
Փոխքաղաքապետն արձագանքեց. - «Տիկին Հարությունյան, դուք ձեզ թերագնահատում ենք, որ մենք կարողանանք էստեղ ինչ-որ զեղծարարություններ անե՞նք: Միանշանակ ծառայելու է նպատակին»:
Հարցն ընդունվեց ընդդիմադիրների կողմ քվեարկությամբ:
Բուռն քննարկումների տեղիք տվեց նաև Գյումրիի գլխավոր տոնածառի հարցը, ընդ որում բանավեճն ընթանում էր «նախկին ու ներկա տոնածառների» թեմայով: Անցած տարի Գյումրիում կառավարման ճգնաժամի պատճառով ավագանին չհասցրեց տոնածառ գնել, որի համար 73 միլիոն էր հատկացրել: Փոխարենը նոր տոնածառ գնեց Կառավարությունն ու տեղադրեց կենտրոնական հրապարակում, բայց քաղաքային նոր իշխանությունը որոշել է ետ բերել հին տոնածառը: Նախորդ քաղաքային իշխանության՝ «Բալասանյան» դաշինքի կողմից մետաղի ջարդոն որակված հին տոնածառի նորոգման ու զարդարման համար տեղական բյուջեից 24 մլն դրամ է նախատեսվում ծախսել:
Տոնածառի շուրջ կրքերը թեժացան, երբ ՔՊ-ական Քնարիկ Հարությունյանը քաղաքային նոր իշխանության քայլը քինախնդրություն որակեց. - «Ինչ-որ գումար ենք ծախսում, հիշում եմ պարոն Ղուկասյանի խոսքերը, երբ որ ինքը անընդհատ ասում էր՝ «մենք փող չունենք, փող չունենք, փող չունենք», բայց ձեր անձնական ամբիցիաները բավարարելու համար, պարզվում է, որ լավ էլ փող ունենք»:
«Միանշանակ նշեմ, որ էս գումարները խնայված գումարներ են՝ Գյումրու տոնից խնայված գումարներ են, դրա համար ենք ուղղել Ամանորի տոնին: Քինախնդրություն չկա, քինախնդրությունը, ժամանակը կգա՝ կասեմ ովքեր են պահում քինախնդրություն», - արձագանքեց փոխքաղաքապետը:
«Բայց դուք այն խմբակցությունն եք, որի ղեկավարը մեր վրա փորձում էր կոմպրոմատներ հավաքել, ու դուք և նաև մեր գործընկերները որևէ մեկը այդ հայտարարությունը չի դատապարտել, որևէ մեկը: Այսինքն՝ նորմալ է ձեզ համար, որ ավագանու անդամների վրա կոմպրոմատ են հավաքում, ու բոլորդ լուռ եք, այսինքն՝ էդտեղ որևէ մեկը ասելիք չունի: Դա նորմալ է, դա ձեր արժեքներին բնորոշ է, հարիր է, և հիմա շարունակում եք նույն կերպ», - հակադարձեց ավագանու ՔՊ-ական անդամը:
Չնայած քննադատությանը, որոշվեց՝ Գյումրիի հին տոնածառը կտեղադրվի Վարդանանց հրապարակում, իսկ նորը՝ ծայրամասային «Մուշ» թաղամասում: