Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց՝ պատարագների գնում է պայմանով, որ այնտեղ Վեհափառի անունը չհնչի, իսկ այդ հարցը կարգավորելու գործին կարող է խառնվել նաև Ազգային անվտանգության ծառայությունը.
«Որովհետև Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը», - այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Երեկ էր «Ազատության» հետ զրույցում Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենը պատմել՝ Փաշինյանն այս կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, ցանկանում է այդ եկեղեցում պատարագի մասնակցել՝ հենց Տեր Ռուբենի մատուցմամբ: Քահանային սկսել են այցելել մարդիկ՝ կաթողիկոսի անունը պատարագից չեզոքացնելու առաջարկով. «Երեկ էլ, իմիջիայլոց ասեմ, էստեղի ԱԱԾ-ից եկել էին Շիրակի, բա՝ «Տեր հայր ջան, խնդրում ենք ... », ասի՝ «ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու», ասի՝ դա բացառվում է, Վեհափառը ոնց որ Հայրապետը մեր՝ մենք իրա անունը 25 տարի ես պատարագներին տվել եմ ու էլի պիտի տամ»:
Ուրեմն՝ ինքը որպես շարքային հավատացյալ չի գալիս. Տեր Ռուբեն
Վարչապետ Փաշինյանը տրամաբանական է համարում, ինքը կաթողիկոսին Կտրիճ Ներսիսյան է համարում և եթե պլանավորում է պատարագի գնալ, քահանային ծանոթ մարդիկ՝ բարեկամից մինչև ԱԱԾ-ական, փորձում են ճշտումներ անել: Ի դեպ, Տեր Ռուբեն քահանան, որ վարչապետին լավ ղեկավար ու բարեպաշտ քրիստոնյա է համարում, այսօրվա դրությամբ միտքը չէր փոխել, և Փաշինյանի նախապայմանը նրան տխրեցրեց.
«Լավ չի այդպես, ուրեմն՝ ինքը որպես շարքային հավատացյալ չի գալիս, տենց է դուրս գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը:
Եթե ուզում են կանոններով շարժվող քահանաները պատարագի տեքստից չեզոքացնեն օծյալ կաթողիկոսի անունը, ուրեմն թող իրենք փողկապները հանեն ու սև սքեմ հագնեն, պատարագեն,- ասաց Տեր Ռուբենը:
«Արդեն դա մի քիչ ծայրահեղ մոտեցում է այդ հարցով, եթե խնդիր կա Հայրապետի, թող գնան իրենց հարցերը լուծեն, ինչ կապ ունի անունը տալը», - ասում է Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը:
Վարչապետը երևի նեղացած է կաթողիկոսից, ես էլ եմ նեղացկոտ,- Տեր Ռուբենը կես տարի ձգվող այս հակամարտությանն այսպես է նայում: Ամեն դեպքում՝ դեռ հստակ չէ՝ այս կիրակի Շիրակի թեմի 24 քահանաներից որևէ մեկը կընդունի՞ Փաշինյանի նախապայմանը Վեհափառի անունը զեղչելու հարցում, այսինքն պարզ չէ՝ վարչապետի մասնակցությամբ պատարագի առաջիկա հասցեն: Բանակցությունները, կարծես թե, դեռ շարունակվում են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայտարարել. «Նա պետք է գնա այդտեղից: Այսինքն՝ այստեղ ընտրության հարց չի՝ կտա հրաժարական, թե չի տա: Ինքը պետք է գնա այդտեղից»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 27 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ իրենց հավատարմությունն են հայտնում կաթողիկոսինՄայր Աթոռի 56 եպիսկոպոսներից շուրջ 11-ն են համաձայն Փաշինյանի հետ: Այսօր 27 եպիսկոպոսներ Վեհափառին հավատարմության հայտարարություն են տարածել: Նրանք անընդունելի ու վտանգավոր են համարել ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու փորձերը:18 եպիսկոպոսներ դեռ լուռ են: